Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ պատրաստվում է քննարկել Գոլանի բարձունքների՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվելու փաստի միջազգային ընդունման, Սիրիայում Իրանի ռազմական ներկայության և այդ վտանգին դիամակայելու Իսրայելի վճռականության հարցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելի ներկայությունը Գոլանի բարձունքներում փաստ է, որը միջազգային հանրությունը պետք է ընդունի»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով որ կանի հնարավոր ամեն բան այդ տարածքն Իսրայելի իշխանության տակ պահելու համար, քանի որ հակառակ դեպքում Իրանն ու «Հեզբոլահ»-ը լուրջ վտանգ կներկայացնեն Կիներետ լճի ափին:
Վարչապետի խոսքով՝ Իսրայելը շարունակելու է հակազդել Իրանի՝ հակաիսրայելական խմբավորումներ կազմելու փորձերին և խոչընդոտել Սիրիայում «Հեզբոլահ»-ի ակտիվացմանը: