2018թ.-ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության համար ԱԺ–ը շուրջ 5 մլն արժողությամբ 600 քմ-անոց ուղեգորգ էր գնել։
Այս ուղեգորգը տեղափոխվել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ և կայացել էր նախագահի երդմնակալության արարողությունը։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` կառավարությունը վաղվա նիստում մտադիր է վերջակետ դնել այս պատմությանը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում պարզել են, որ ուղեգորգի գրեթե կեսը` 306 քառ. մետրը, արարողությունից հետո տեղափոխել են Ազգային ժողով, իսկ 294 քառ. մետրը մնացել է ՄՀՀ–ում, քանի որ դրա անվնաս ապամոնտաժումն ու տեղափոխումն անհնար է եղել։
Այժմ կառավարությունը մտադիր է Ազգային ժողով տեղափոխված հատվածը հետ բերել ու անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»:
Համապատասխան որոշման նախագիծն արդեն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։