Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում նոր ճգնաժամ է հասունանում: Պատճառը օրեր առաջ ԱՄՆ-ում բնակություն հաստատած սաուդցի հայտնի լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշոգիի անհետացումն է: Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ջամալ Հաշոգին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարան, ինչից հետո անհետացել է:
Թուրք պաշտոնյաների և թուրքական ոստիկանության վարկածի համաձայն` լրագրողը սպանվել է Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Թուրքական աղբյուրները նաև պնդում են, որ Հաշոգիի սպանությունն իրականացնելու համար Սաուդյան Արաբիայից հատուկ ծառայությունների աշխատակիցների խումբ է ժամանել, որի անդամները, մի քանի ժամ մնալով Ստամբուլում, հետ են գնացել հայրենիք: Ավելին, Արաբա-թուրքական մեդիա ասոցիացիայի (որի անդամն էր Հաշոգին) նախագահ Թուրան Քըլաքչըն «Դեմիրորեն» գործակալությանը հայտնել էր, որ սաուդյան կողմն, իբր, այլ երկրներում զբաղվել է ընդդիմադիրների առևանգմամբ: Նրա խոսքով՝ այդպիսի միջադեպեր են եղել Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում:
Սակայն, Սաուդյան Արաբիայի թագավորությունը կտրականապես հերքում է այս վարկածները: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդն անձամբ հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի իշխանություններին թույլ տալ խուզարկել Անկարայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանն՝ ապացուցելու համար, որ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին չի գտնվում հյուպատոսարանի տարածքում:
Նշենք, որ 59-ամյա Ջամալ Հաշոգին հայտնի է որպես Սաուդյան Արաբիայի ներկայիս իշխանությունների` մասնավորապես Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի վարած քաղաքականության նկատմամբ իր քննադատական հոդվածներով:
Իր լրագրողական կարիերայի վաղ տարիներին Ջամալ Հաշոգին բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Ուսամա բեն Լադենի հետ, ով այդ ժամանակ դեռ այդքան էլ հայտնի չէր Արևմուտքում:
Ավելի ուշ, Սաուդյան Արաբիայում իշխանությունների նկատմամբ քննադատական հայացքների պատճառով Հաշոգիին սկսեցին վերաբերվել որպես դավաճանի, իսկ 2017 թ.-ին նա ստիպված եղավ լքել իր հայրենիքն երկրի իշխանություններից «նախազգուշացում» ստանալուց հետո:
Հաշոգին Սաուդյան Արաբիայից հեռացել է մասնավորապես իր մի քանի մտերիմ ընկերների ձերբակալությունից և այն բանից հետո, երբ al-Hayat թերթը հրաժարվել է հրապարակել իր հոդվածը: Սաուդյան Արաբիայից հեռանալուց հետո Հաշոգին բնակվել է երեք երկրներում`ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում:
Նշենք, որ նրա անհետացումը կարող է ավելի սրել ոչ միայն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները, որի պատճառներից մեկն Անկարայի ցուցաբերած աջակցությունն է Կատարին, այլ նաև կարող է հանգեցնել նոր բախման ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել այդ առնչությամբ: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ ուղիղ հարցումներին պատասխան չստանալը միանգամայն անհասկանալի է:
Եթե հաստատվի Հաշոգիի սպանությունը կամ, նույնիսկ, Սաուդյան Արաբիայի իշխանությունների նախաձեռնությամբ նրա անհետացումը, ապա Կոնգրեսի կողմից ճնշումներ կարող են գործադրվել Էր Ռիադի նկատմամբ: