Անցած 20 տարիների ընթացքում աշխարհում տեղի ունեցած բնական աղետները հանգեցրել են 1,3 միլիոն մարդու մահվան եւ ավելի քան 2,9 տրիլիոն դոլարի չափով նյութական վնասների ավելացման, նշվում է ՄԱԿ-ի Տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցում:
Վարչության տվյալներով, 1998-ից մինչեւ 2017 թվականը բնական աղետների պատճառով համաշխարհային շուկաների ֆինանսական կորուստները աճել են 251 տոկոսով: Աղետների հետեւանքով տուժած երկրները կորցրել են 2 տրիլիոն 908 միլիարդ դոլար, որոնցից 77 տոկոսը կապված է եղանակի հետ:
20 տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել 7255 տարերային աղետ, որոնց մեծ մասը կապված է եղանակի հետ:
Դրանք հիմնականում ջրհեղեղներ եւ փոթորիկներ են: Նշված ժամանակաշրջանում աղետների պատճառով մահացել է 1.3 մլն մարդ, նրանց կեսից ավելին երկրաշարժերի պատճառով:
Եւս 4.4 միլիարդ մարդ այսպես թե այնպես տուժել է՝ վիրավորվել է, կորցրել է տները, տեղահանվել կամ օգնության կարիք է ունեցել: