Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման արարողությանը Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ ներկայացնելու մեջ մեղավոր է Agence Publics ընկերությունը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ՖՄԿ գագաթաժողովի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով տեղի ունեցածը:
«Արարողության կոնտենտի, նաև գրաֆիկական լուծումների պատասխանատուն եղել է Agence Publics ընկերությունը, որը համերգի գլխավոր կազմակերպիչն է: Մենք դա հանձնարարել էինք իրենց, և տարեթվի շփոթությունը նրանց մեղքով է եղել: Մենք դրա հետ կապված նրանցից պարզաբանումներ ենք պահանջել»,- ասել է նա՝ նշելով, որ կազմակերպությունը սխալմունքը բացատրում է տեխնիկական վրիպակով:
Նշենք, որ երեկ Հանրապետության հրապարակում՝ ՖՄԿ գագաթաժողովի բացման արարողության ժամանակ էկրանին Շառլ Ազնավուրի ծննդյան թիվը սխալ էր ներկայացվել. գրված էր 1914-2018, այնինչ շանսոնյեն ծնվել է 1924 թվականին: