Մեծ Բրիտանիայի իշխանությունները հնարավոր է Ադրբեջանին վերադարձնեն Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կնոջ՝ Զամիրա Խադիջևայի ունեցվածքը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին BBC- ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գծով քրեական գործակալության ղեկավար Դոնալդ Թունը։
«Եթե գերագույն դատարանը պարզի, որ Զամիրա Խադիջևայի միջոցները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նրա ամբողջ ունեցվածքը և գումարները կարող են հանձնվել Ադրբեջանին»,-նշել է Դոնալդ Թունը։
Դոնալդ Թունի փոխանցմամբ՝ քանի որ Խադիջևայի գործով առաջին անգամն է, որ կիրառվել է անօրինական միջոցներով ձեռք բերված ակտիվների սառեցման մասին օրենքը, այդ ակտիվների հետագա ճակատագիրը կարող է դառնալ«քաղաքական և միջազգային հարց»։
«Այդ ակտիվները նախ կանցնեն Բրիտանական կառավարության տնօրինության ներքո։ Հետո կսկսվեն ուղիղ շփումներ Մեծ Բրիտանիայի և այն երկրի միջև, որտեղից դուրս են բերվել այդ միջոցները։ Ակտիվների հետագա ճակատագիրը կհստակեցվի այդ բանակցությունների արդյունքում»,-հավելել է Թունը։
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018թ․ սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով պահանջել էր բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։
Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։
Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։
Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։