ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պայմանավորվել են այսօր նույն գուլպաները հագնել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երկու վարչապետերի նկարը․
«Ջասթինի հետ պայմանավորվել ենք. վաղվա հանդիպմանը երկուսս էլ այս գուլպաներն ենք հագնելու:)»,- գրել էր ՀՀ վարչապետը և հրապարակել լուսանկար պաշտոնական ընթրիքից։
Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Ընթրիքի ընթացքում ՀՀ վարչապետը գուլպաներ է նվիրել Կանադայի վարչապետին։
«Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը»,- ասել է Փաշինյանը: