Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր՝ հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կանադայի վարչապետին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, հայտնում է News.am-ը:
Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետև Թրյուդոն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Թանգարանում կատարած շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ավանդույթի համաձայն, Կանադայի վարչապետը արծաթափայլ եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի Հիշողության պուրակում:
Կանադայի վարչապետը Հայաստան է այցելել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որից հետո մեկնարկել է Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան: