Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը:
«Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումը՝ հսկայական։ Ես կանգնած եմ այստեղ, որովհետև այդպես է որոշել մեր ժողովուրդը։ Եվ այսպիսի որոշումներ կայացնելու իրավունքը ՀՀ քաղաքացիները վաստակել են իրենց իսկ կատարած թավշյա հեղափոխության շնորհիվ»,- ասել է Մարությանն իր ելույթում։ «Ես սիրում եմ մեր Երևանը, խենթանում եմ մեր քաղաքի համար»,- ասել է նա և շնորհակալություն հայտնել վստահության համար և վստահեցրել, որ սա իսկական երդում էր Երևանի բնակիչների և Աստծո առաջ։
Երդմնակալության արարողության ընթացքում ելույթով հանդես են եկել նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սեպտեմբերի 23–ին տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, ԲՀԿ–ն՝ 5, իսկ «Լույս» դաշինքը՝ 3 մանդատ։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոկտեմբերի 10-ին, ավագանու առաջին նիստում օրենքի ուժով դարձել է Երևանի քաղաքապետ։