Մենք շարունակելու ենք սատարել միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր Երևանում նշել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Կանադան արդեն վաղուց ընդունել և ճանաչել է հայ ազգի ողբերգական ցեղասպանությունը, հայկական համայնքը վաղուց է ընդգծում միջազգային ճանաչման անհարժեշտությունը ոչ միայն ողբերգությունները հասկանալու տեսանկյունից, այլ նաև երաշխավորելու, որ հետայսու այն չի կրկնվի: Կանադան շատ կոնկրետ քայլեր է ձեռնարկում քաղաքացիների վրա նման ոճիրների ազդեցությունը նվազեցնելու համար»,- ասել է Թրյուդոն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն անցյալի ճանաչման, այլև ապագայի կառուցման խնդիր է:
«Շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ի համար դա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ ՀՀ-ն իր նպաստն է բերում ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ պայքարին, որովհետև ցեղասպանությունները 20-րդ դարում շարունակվել են և այդ սպառնալիքները վերացված չեն նաև 21–րդ դարում: Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար նաև անվտանգության խնդիր է, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ, ըստ էության, մենք այսօր ունենք սպառնալիքի շատ նման օրինակ: Կոնկրետ օրինակ՝ ՀՀ սահմանները մինչև հիմա փակված են Թուրքիայի կողմից, ՀՀ-ն գտնվում է բլոկադայի մեջ և, ըստ էության, սա մեզ համար նաև անվտանգային սպառնալիք է»: