ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։ Այլ հարցերի թվում, վարչապետերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին։
«Ես Կանադայի վարչապետին տեղյակ պահեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մեր ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Իհարկե, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, բայց մենք կարևոր ենք համարում, որ մեր միջազգային գործընկերները տեղեկացված լինեն մեր պատկերացումների և իրավիճակի մասին: Իհարկե, մեր պատկերացումն այն է, որ հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով: Մենք մեր պատկերացումներն ունենք հարցի կարգավորման շրջանակի և բովանդակության մասին, և նաև այդ պատկերացումները կիսում ենք մեր գործընկերների հետ»,- նշել է Փաշինյանը։
Ջասթին Թրյուդոն, իր հերթին, հայտարարել է․ «Կանադան կոչ է անում շարունակել երկխոսությունը և խաղաղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Հուսով ենք, որ այն խաղաղ կհանգուցալուծվի բոլոր կողմերի միջև: Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը, ինչպիսին է Մինսկի գործընթացը, և հուսանք՝ խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»: