ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տուն է հրավիրվել Թուրքիայում անհետ կորած սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի հարսնացուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք նրա հարսնացուին Օվալաձեւ աշխատասենյակ ենք հրավիրել», - Թուրքիայի կողմից ազատ արձակված բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին հայտնել է Թրամփը: Հաշքաջին, ով տեսաբան է աշխատում ամերիկյան Washington Post թերթում և 2017-ից բնակվում է ԱՄՆ-ում, հոկտեմբերի 2-ին անհետացել է Թուրքիայում՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո:
Սաուդցի լրագրողի հարսնացուի խոսքով, հյուպատոսարանի աշխատակցիները նրան հրավիրել են փաստաթղթերի ձեւակերպման համար, իսկ իրեն շենք թույլ չեն տվել մտնել: 5 ժամ սպասելուց հետո հյուպատոսարանի աշխատակիցներից մեկը աղջկան ասել է, որ Հաշքաջին արդեն գնացել է և այլեւս կարքի չկա նրան սպասելու:
Սաուդյան Արաբիայի իշխանությունների պնդմամբ, Հաշքաջին անհետացել է հյուպատոսարանի շենքից դուրս գալուց հետո և դիվանագիտական առաքելությունը համագործակցում է Թուրքիայի իշխանությունների հետ, նրա անհետացման պատճառները պարզելու նպատակով: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ առնչություն չունի լրագրողի անհետացման հետ:
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին հաղորդել է ձայնագրությունների և տեսագրությունների առկայության մասին, որոնք հաստատում են սաուդցի լրագրողի մահն ու խոշտանգումները: Թերթի աղբյուրի խոսքով, տեսագրություններն ապացուցում են, որ երբ հոկտեմբերի 2-ին Հաշքաջին մտել է հյուպատոսարան, նրան սպանել ու անդամատել են: