Իրաքի Բասրայի նահանգում անորակ խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 111 հազարի: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները`վկայակոչելով Բասրա նահանգում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարին:
Օգոստոսի սկզբին երկրի հարավային այդ նահանգը բախվել էր ջրի պակասի և բնակչությանն էլեկտրաէներգիայի մատակարարումների ընդհատումների հետ կապված սուր խնդրի հետ: Իրավիճակից դժգոհ բնակիչները դուրս էին եկել բողոքի ակցիաների, որոնք վերաճել էին անկարգությունների. արդյունքում զոհվել էր մոտ 10 մարդ, հրկիզվել էին քաղաքական կուսակցությունների գրասենյակներ, պետական հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կենտրոնակայանները, ինչպես նաև շիաների ռազմականացված կազմավորումների մասնաճյուղերը: Կրակով ոչնչացվել էր Բասրայում Իրանի հյուպատոսությունը:
Խորհրդարանի արտակարգ նիստն այս հարցով որևէ արդյունք չտվեց. վարչապետ Հայեդ ալ-Աբադին օրենսդիրներին մեղադրեց հարավային նահանգում ստեղծված իրավիճակը սեփական քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ: