Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ ներկայացրել է միայնակության դեմ պայքարի ռազմավարությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել է միայնակության խնդրի դեմ պայքարի կառավարական ռազմավարությունը: Այս մասին երկուշաբթի հաղորդվել է Միացյալ Թագավորության կառավարության կայքում:
«Այս ռազմավարությունը մեր երկրում երկարատեւ եւ հեռուն գնացող սոցիալական փոփոխությունների միայն սկիզբն է: Այն դիտարկվում է որպես միայնակությունն արմատախիլ անելու ազգային քաղաքականության մեջ անհրաժեշտ առաջին քայլ»,- ասել է Մեյը:
Ըստ փաստաթղթի՝ նոր պրակտիկան, որը հայտնի է որպես «սոցիալական կարգադրություն», բժիշկներին թույլ կտա միայնակությունից տառապող հիվանդներին ուղարկել հասարակական աշխատողների մոտ, որոնք նրանց անհատական աջակցություն ցույց կտան: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ սա միայնակ մարդկանց կօգնի բարելավել հոգեբանական վիճակը եւ բարեկեցության մակարդակը: Երկրի վարչապետը հաստատել է, որ այս ընթացակարգը հնարավոր կլինի արդեն 2023 թվականին: