ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեսականորեն չի բացառում, որ առաջիկայում նույնիսկ ՀՀԿ անդամներ կարող են լինել կառավարությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Փաշինյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակման հետ կապված սյունեցիների դժգոհություններին:
«Որևէ նշանակում չի եղել, որ բացասական արձագանքի չարժանանա։ Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուս բոյով է, մյուսն այնքան էլ բոլով չէ։ Այսինքն` անթերի մարդիկ ՀՀ-ում չկան։ Եվ անթերի նշանակումներ չեն լինում»,- ասել է նա` հաստատելով, որ բողոքողները եղել են իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
«Կա բարիկադներ կառուցելու և կա բարիկադները ապամոնտաժելու ժամանակը։ Մենք հիմա մտել ենք բարիկադներն ապամոնտաժելու փուլ։ Այստեղ Հունան Պողոսյանի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է։ Եվ այդ քաղաքական ուղերձն այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների չենք բաժանելու»,- հավելել է Փաշինյանը: