Մեծ Բրիտանիայի` ԵՄ անդամակացության դադարեցման պայմանների մասին համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա շաբաթներին: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկային և ֆինանսների նախարար Բրունո Լե Մէրը` ելույթ ունենալով Radio Classic ռադոընկերության եթերում:
«Բոլորն այժմ պետք է ջանքեր գործադրեն նպատակին հասնելու համար, որն ակնհայտ է և որի մասին մեզ արդեն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը` մենք ցաննկանում ենք համաձայնագիր կնքել: Դա բխում է և բրիտանացիների, և եվրոպացիների շահերից: Կարծում եմ՝ ներկա պահին մենք հեռու չենք համաձայնագրի կնքումից, մասնավորապես ի շնորհիվ այն հիանալի աշխատանքի, որն արվել է գլխավոր բանակցող Միշել Բարնիեի կողմից», - ասել է Լե Մէրը:
«Համարում եմ, որ բանակցությունների ընթացքում բրիտանական կողմն էականորեն մեղմացրել է իր դիրքորոշումը, նրանք առաջընթաց են գրանցել այսպես կոչված Չեքերսի պլանից, որը բացարձակապես ընդունելի չէր, քանի որ հարվածի տակ էր դնում եվրոպական շուկայի միասնությունը: Այսպիսով, առաջընթացը բրիտանական կողմի դիրքորոշման հարցում, այն զիջումները, որոնք արվել են նրանց կողմից, թույլ են տալիս հուսալ, որ մոտակա շաբաթների ընթացքում կկարողանանք ձեռք բերել համաձայնություններ», - նշել է նախարարը:
Միաժամանակ, նա կասկածանք է հայտնել այն հարցում, թե արդյոք այդ համաձայնությունը ձեռք կբերվի այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ գագաթաժողովի ընթացքում: