Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին 100 մլն դոլար է փոխանցել լրագրողի անհետացումից հետո

13:02     18 հոկտեմբերի, 2018

Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է վճարել Վաշինգտոնին որպես աջակցություն հյուսիս-արևելքում վերջինիս ջանքերին, հայտնում է The Washington Post թերթը` ընդգծելով, որ փոխանցումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի էր-Ռիադ այցի հետ, որտեղ վերջինս սաուդյան իշխանությունների հետ քննարկել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջիի անհետացումը:

Գումարի փոխանցման փաստը հաստատել է նաև այլ երկրների հետ համագործակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը` ընդգծելով, որ փոխանցումը սպասելի էր և որևէ կապ չունի լրագրողի անհետացման կամ պետքարտուղարի այցի հետ:

Հիշեցնենք, Ջամալ Խաշկաջին հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն, և այլևս նրան ոչ ոք չի տեսել: Թուրքական ոստիկանության դիտարկում է հյուպատոսության շենքում լրագրողի սպանության վարկածը:


© armedia.am