Գագիկ Ծառուկյանը բիզնեսով չի զբաղվում։ Այսօր, «Օմնիա Թեք» ընկերության և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի համագործակցությամբ Հայաստանում Մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությանը լրագրողներին հայտնել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ենք ստորագրել, որ ես բիզնեսով չեմ զբաղվում, ես իմ բիզնեսները տվել եմ կառավարման», - ասել է նա։
Գագիկ Ծառուկյանն նաև հստակ նշել է, թե որքան ներդրում է իրականացվելու առաջիկայում։
«Ներդրումների չափն այս պահի դրությամբ 50 մլն ԱՄՆ դոլար է, բայց դա դեռ ամբողջը չէ, իրենք պետք է մնացած ներդրումն անելու համար համաձայնեցնեն օրենքների հետ։ Մոտավորապես 40 երկրից մարդ կգա։ Մենք իրենց պետք է ճիշտ ընդունենք, ծանոթացնենք, որ մարդիկ ապահով լինեն, գան, ներդրումներ անեն», -ասել է Ծառուկյանը։
Ներդրողների հիմնական մասը, Ծառուկյանի խոսքով, Հայաստան կժամանեն վաղը` տեղում ծանոթանալու առկա պայմաններին ու հնարավորություններին, նաև հանդիպելու ու մի շարք տնտեսական հարցեր քննարկելու կառավարության պատասխանատու անդամների հետ։
Գագիկ Ծառուկյանը նաև հայտնել է, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է ևս երկու գործարան բացել` արևային պանելների և սրբիչների։ Իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է «Տեքստիլի քաղաք» նախագծի իրականացումը, որի ներդրումը շուրջ 1 մլրդ դոլար է հաշվարկված։
Այս բոլոր գործարանների բացմամբ Գագիկ Ծառուկյանը խոստանում է մի քանի հազար նոր աշխատատեղեր ստեղծել։