Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Եվրամիությունը և ԵՄ անդամ 3 պետություններ` Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունը առանձին հայտարարել են ֆինանսական աջակցության մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:
«Դա շատ ուժեղ հայտարարություն է: Տեղեկացնեմ ձեզ, որ դեպի Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունը և երեք անդամ պետությունները։ Չեն լինելու ոչ՛ ամերիկյան փողեր, ոչ՛ ճապոնական փողեր: Դա շատ կարևոր հայտարարություն է և, անկեղծ ասած, ես իսկապես շատ հպարտ եմ մեզ համար, որովհետև Եվրամիությանը սովորաբար շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, բայց մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել։ Ըստ էության, Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են: Չափանիշները նույնն են, ինչ 2017 թվականին`ընտրողների նույնականացումն ու տեսախցիկները: Կան որոշ լոգիստիկ դժվարություններ, քանի որ ՄԱԿ-ի համար այս կարճ ժամանակահատվածը դժվարություն է ներկայացնում: Բայց նրանք մեզ ասում են, որ պատրաստ են դա անել: Կլինեն լրացուցիչ ծախսեր», - ասել է Սվիտալկին:
Արձագանքելով դիտարկմանը, որ նախկինում խոսվում էր մոտ 11 միլիոն դոլարի մասին, ԵՄ դեսպանը հստակեցրեց, որ այս անգամ կլինի 3 միլիոնից մի փոքր ավելի:
Իսկ այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի խոսքով՝ դեկտեմբերին ակնկալում են ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ, և այլ դոնորների հետ մեկտեղ աջակցություն կտրամադրեն ընտրությունների անցկացման համար:
«Կարծում եմ՝ Հայաստան ժամանեցինք լավ ժամանակահատվածում՝ ժողովրդավարական փոփոխություններից հետո այս փուլում, և միևնույն ժամանակ Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման վաղ շրջանում։ Մեզ համար կարևոր է տեսնել խաղաղ փոփոխության այն հանձնառությունը, որին ականատես դարձանք այստեղ, կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառությունը, Հայաստանի՝ օրենքի գերակայության վրա խարսխված, իսկապես անկախ դատական իշխանություն ունեցող ժամանակակից հասարակություն դարձնելու հանձնառությունը»։