Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոփոխման գործընթացը երկու փուլով կանցնի և կարճ ժամանակում կավարտվի։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Գլխավոր քարտուղարի փոփոխման և ՀԱՊԿ նոր ղեկավար նշանակելու գործընթացը երկու փուլով կանցնի։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխմանը, ապա այդ գործընթացը շատ կարճ ժամանակում կավարտվի։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգը նման իրավիճակ չի նախատեսում։ Ընդհանուր որոշում է պետք, որպեսզի հետագայում նման դեպքերում հստակ մոտեցում լինի»,- հայտարարել է փոխնախարարը։
Շավարշ Քոչարյանը հավելել է, որ «կա՛մ երկիրը, որն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը, նոր թեկնածու կառաջադրի, կա՛մ կազմակերպության նախագահությունը կանցնի այբբենական կարգով հաջորդ երկրին»։