ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է դուրս գալ Միջին և փոքր հեռավորության հրթիռների վերացման մասին պայմանագրից: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, հայտնել է Թրամփը լրագրողներին իր՝ Նևադա նահանգ այցի ժամանակ: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պահպանել է պայմանագրի պայմանները, մինչդեռ Ռուսաստանը խախտել է այդ պայմանները:
«Ռուսաստանը խախտում է համաձայնությունը: Եվ խախտում է երկար տարիներ: Ես չգիտեմ, թե ինչու նախագահ Օբաման բանակցություններ չի վարել կամ չի խզել պայմանագիրը»,- ասել է Թրամփը:
Միաժամանակ նա Ռուսաստանի և Չինաստանի հետ այդ հարցում փոխզիջման գնալու պատրաստակամություն է հայտնել: Սպիտակ տան զեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն կստեղծի միջին և փոքր հեռավորության հրթիռներ, եթե իհարկե Ռուսաստանը և Չինաստանը «չգան» ԱՄՆ և չառաջարկեն «խելոքանալ» և հրաժարվել այդ սպառազինության մշակումից: Նա ընդգծել է նաև, որ եթե Ռուսաստանը և Չինաստանը շարունակեն խախտել պայմանագիրը, իսկ ԱՄՆ-ն պահպանի այն, ապա դա անընդունելի կլինի:
ՌԴ ԱԳՆ-ի անանուն աղբյուրն արդեն հայտնել է, որ Թրամփի հայտարարությունը նշան է այն բանի, որ «ԱՄՆ-ն ձգտում է միաբևեռ աշխարհի»: