Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ վերջին շրջանում Մինսկի խմբի համանախագահող երկրների տարբեր պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ ու թեզեր, որ հուշում են կուլիսներից այն կողմ ձեռք բերված որոշ հնարավոր համաձայնությունների մասին: Այս համատեքստում դեպի հանրություն բաց թողնված մեսիջներից ստեղծվում է տպավորություն, որ ղարաբաղյան կարգավորման հարցում մոտ ապագայում էական փոփոխություններ են սպասվում:
Հատկանշական է, որ խնդրի կարգավորման այս փուլում բավական ակտիվացել է ամերիկյան կողմը: Տարիներ շարունակ գոյություն է ունեցել մի տեսակետ, որ անկախ աշխարհի տարբեր անկյուններում ունեցած տարաձայնություններից ու հակասություններից՝ ղարաբաղյան խնդրում ռուս-ամերիկյան հարաբերությունները ներդաշնակում են, և այս հակամարտությունը հանդես է գալիս որպես երկկողմ արդյունավետ համագործակցության լավ օրինակ, այսպես կոչված՝ «success story»: Այս տրամաբանության ներքո Միացյալ Նահանգները Ղարաբաղյան հարցում ակտիվ միջնորդի դերը գրեթե միշտ «զիջում էին» ռուսական կողմին՝ պարբերաբար հայտարարելով, որ ռուսների կողմից բարձրաձայնած թեզերը երեք կողմերի համաձայնությամբ են ձեռք բերվել: Այսօր, սակայն, պատկերը մի փոքր այլ է:
Ամերիկյան դիրքորոշումը հասկանալու համար կարևոր է դիտարկել վերջին շրջանում երկու ամերիկացի դիվանագետների արտահայտած մոտեցումները: Խոսքը Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ամերիկյան դեսպան Ռիչարդ Միլսի EVNreport-ին տված հարցազրույցի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում ունեցած ելույթի մասին է: Երկու դիվանագետների կողմից էլ հանրայնացվեցին թեզեր, որոնք էական նշանակություն կարող են ունենալ խնդրի կարգավորման ներկա ուղղությունները հասկանալու տեսանկյունից: Խոսքն առաջին հերթին Միլսի՝ «հող-խաղաղության դիմաց» թեզի և Ուոլիքի՝ «Լավրովի պլանը էապես չի տարբերվում նրանից, ինչ կառաջարկեինք մենք» մտքի մասին է:
Միամտություն է կարծել, թե դեսպան Միլսը չի տարբերում կամ էական չի համարում «հող-խաղաղության դիմաց» և «հող-կարգավիճակի դիմաց» մոտեցումների տարբերությունը: Նման հայտարարությունն ամերիկյան կողմից բավական վտանգավոր երանգներ է պարունակում, քանի որ այն Ադրբեջանում կարող է ընկալվել որպես ազդակ, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս համանախագահության ամերիկյան կողմի, իր աջակցությունն է հայտնում խնդրի կարգավորման ադրբեջանական սցենարին, ինչը Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման տրամաբանությանը դեմ է և լուրջ հարվածի տակ է դնում այս ձևաչափի արդյունավետությունն ու անաչառությունը: Նման մոտեցումը չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ խրախուսում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:
Մյուս կողմից, որն ավելի տրամաբանական է, Միլսի հայտարարությունը կարող է ընկալվել որպես ամերիկյան կողմի համաձայնությունը ռուսական ինչ-որ պլանի, կամ, այսպես կոչված «Լավրովի պլանի» հետ: Նշենք, որ այդ պլանի գոյության մասին շատերը շարունակում են խոսել որպես լեգենդի, ոմանք էլ` որպես իրականության մասին: Ըստ այդ «լեգենդի» նույն «հող-խաղաղության դիմաց» թեզը նաև այս սցենարի հիմքն է կազմում՝ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագայի խնդիր: Այս մոտեցումը հաստատեց նաև Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը, թե խնդրի խաղաղ կարգավորման Լավրովի պլանը գրեթե չի տարբերվում նրանից, ինչ կառաջարկեին ամերիկացիները: Սա նշանակում է, որ Մինսկի խմբի եռանախագահության առնվազն երկու կողմը՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, ակնհայտ շեղվել են հակամարտության կողմերին բալանսավորված, բոլորի շահերը արտացոլող լուծումներ տալու քաղաքականությունից դեպի պրոադրբեջանական լուծումների դաշտ: Ի դեպ, այս ամենը, ամենայն հավանականությամբ, քննարկման թեմա կլինի նաև ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Թրամփի խորհրդական, անձնական իրավաբան Ռուդի Ջիուլիանի՝ տարածաշրջան այցի ու հանդիպումների ընթացքում: Հասկանալի է, որ սպասվում են բավականին բարդ բանակցություններ:
Ամեն դեպքում, այս ամենից ստեղծվող տպավորություններն ու սպասելիքները լավատեսական անվանելը մի քիչ բարդ է: Հուսադրողն այս ամենում հայ զինվորի քաջությունն ու հզորությունն է, այն զինվորի, որ հերոսաբար հետ մղեց թշնամուն ապրիլյան քառօրյայի ժամանակ և որ Հայաստանի ու Արցախի անվտանգության ու մեր սահմանների անխախտելիության իրական երաշխավորն է բոլոր ժամանակներում: