Մոսկվայում մեկնարկած նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Դիզայնի բարձրագույն բրիտանական դպրոցի շրջանավարտների հավաքածուների ցուցադրությունը:
Դրանց թվում են եղել նաև հայազգի դիզայներ Վելինա Սուքիասյանի աշխատանքները՝ «Նոր գույնի ծնունդ» խորագրով հավաքածուն։
Սպիտակ հագուստների վրա համարձակ գունային լուծումների միջոցով դիզայները փորձել է հղում կատարել Հայոց ցեղասպանության թեմային:
«Հայ լինելով հանդերձ՝ չէի կարող այդ թեման շրջանցել իմ հավաքածուում: Հայոց ցեղասպանության հարցն ինձ անհանգստացնում ու տխրեցնում էր դեռ մանուկ հասակից: Բայց մյուս կողմից դա ինձ համար ցուցիչ էր առ այն, թե որքան համախմբված ու հավատարիմ կարող է լինել ազգը»,-ասել է Սուքիասյանը, հայտնում է Tert.am-ը: