Ռուսաստանի նկատմամբ սահմանված ֆինանսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտ է, որ Երևանն ու Մոսկվան բնական գազի մատակարարումների իրականացման ժամանակ հաշվարկներում անցնեն ազգային արժույթների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազևը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ–ն իրեն չի կարող թույլ տալ օգտագործել դոլարը Հայաստանի և ԵՏՄ անդամ երկրների հետ հաշվարկներում։ «Դոլարը թունավոր արժույթ է դարձել։ Դոլարի ցանկացած օգտագործում մեր հարաբերություններում հղի է քաղաքական ռիսկերով», - պարզաբանել է Գլազևը։
Միաժամանակ, տնտեսագետի կարծիքով, հաշվարկներում ազգային արժույթներին անցնելու ժամկետները կախված են գործընկեր երկրների կոնկրետ պարտավորություններից և բարի կամքից, քանի որ նրանք պետք է վերանայեն պայմանագրային պարավորություններն ու վերաշարադրեն ոչ միայն վճարային արժույթը, այլ նաև գնագոյացման պայմանները։