Ֆրանսիայում ավելի քան 300 հազար մարդ, ում այժմ դատարանի որոշմամբ արգելված է մասնակցել ընտրություններին, կստանան ձայնի իրավունք: Այս մասին Parisien թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց հարցերով Ֆրանսիայի պետական քարտուղար Սոֆի Կլյուզելը: Ընտրությունների վերաբերյալ դրույթում համապատասխան փոփոխությունները նախատեսվում է անել 2019 թվականի սկզբին:
«Այսօր մեր երկրում 700 հազար չափահաս մարդ գտնվում է վերահսկողության կամ խնամակալության տակ: Նրանցից ավելի քան 300 հազարը զրկված են ձայնի իրավունքից դատարանի որոշմամբ: Հիմնականում դրանք հոգեկան խանգարումներով մարդիկ են… Մեր նպատակն է այնպես անել, որ բոլորը կարողանան քվեարկել ամենաուշը 2022 թվականին կայանալիք տեղական ընտրություններում», - հայտարարել է պետքարտուղարը: Նրա խոսքերով` հոգեկան խանգարում ունեցող մարդկանց ձայնի իրավունքից զրկելը խտրականության դրսևորում է: