Հայաստանում օրերս մալարիայի հերթական բերովի դեպքն է գրանցվել։
Ինչպես NEWS.am-ին է հայտնել Երևանի Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը` հիվանդը վարակվել է Հնդկաստանում, սակայն նշաններն ի հայտ են եկել, երբ տեղափոխվել է Հայաստան։
«Ազգությամբ հնդիկ հիվանդը ստացել է համապատասխան դեղորայք և դուրս գրվել, մնալու է մեր բժիշկների հսկողության ներքո»,- ասել է նա։
Մհեր Դավիդյանցը հայտնել է նաև, որ Հայաստանում մալարիայի բերովի դեպքեր տարվա ընթացքում միջինը 10 անգամ գրանցվում են, հիմնականում վարակը բերում են Աֆրիկայից և Հնդկաստանից։
Նշենք, որ մալարիայի բերովի դեպքերը hանրապետությունում ավելացել են։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, եթե նախորդ տարիներին, միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր, այս տարի մինչև վերջին դեպքն արդեն գրանցվել էր մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը` մայիսին, 3-ը` սեպտեմբերին. բոլորն էլ` աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։