ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ Փիթսբուրգ քաղաքի սինագոգում 11 մարդ սպանած Ռոբերտ Բոուերսը կարող է մահապատժի դատապարտվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սեշնսը մանրամասնել է, որ արդարադատության նախարարությունը կարող է այնպիսի մեղադրանքներ առաջադրել, որոնք կհանգեցնեն մահապատժի վճռին:
Գլխավոր դատախազն նշել է, որ 11 անմեղ մարդ սպանածը պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ:
Հիշեցնենք, որ Բոուերսը կրակ է բացել Փիթսբուրգի Tree of Life Synagogue սինագոգում՝ բղավելով, որ «բոլոր հրեաները պետք է մեռնեն»: Նա զինված է եղել AK-47 ինքնաձիգով ու երկու ատրճանակով:
Ավելի ուշ տղամարդու սոցցանցային էջերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նա ակտիվորեն տարածել է հակասեմիթական գաղափարներ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով ողբերգությանը, նշել է, որ հրաձիգը պետք է պատասխան տա իր արածի համար: