Ոչ ոք չի ասում, որ ռեյտինգային համակարգը վատն էր, հետևաբար, պետք է փոխվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, հաղորդում է NEWS.am-ը:
Նրա խոսքով, բանն այն է, որ ռեյտինգային համակարգը իր գործն արդեն արել է. «Ռեյտինգային համակարգը կարող է իր դերակատարումն ունենալ ապագայում, բայց հիմա եթե ընտրական համակարգն ընտրվել է քաղաքական նկատառումներից ելնելով, երբ մենք մեխանիկորեն խթանում ենք կուսակցական համակարգը, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր որոշում է»,-պարզաբանեց Կոստանյանը:
Նա նաև նշեց, որ հայկական քաղաքական իրականության մեջ կուսակցությունները կոնկրետ առաջնորդների համատեքստում էին քննարկման առարկա դառնում. «Այդպիսի խնդիր հիմա չկա: Այս համակարգը և այդ բարեփոխումները մեզ պետք են նրա համար, որ ամրապնդեն կուսակցական համակարգը»,-ընդգծեց նա:
Իր խոսքի վերջում Գևորգ Կոստանյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին: