2019 թվականին շրջանառության մեջ կդրվի հուշադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բյուջետային ուղերձում, որը Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հոկտեմբերի 29-ին ներկայացրել Է Համայնքների պալատում (խորհրդարանի ստորին պալատում):
«Գոյություն ունեցող ավանդույթի (նշանակալից իրադարձությունները հավերժացնելու – ծանոթ. խմբ.) շրջանակներում Թագավորական դրամահատարանը կթողարկի մետաղադրամ՝ նվիրված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն: Այն մատչելի կլինի սկսած 2019 թվականի գարնանից»,- նշված Է 109-Էջանոց փաստաթղթում:
Բրիտանական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը վերաբերում Է 50-փենսանոց մետաղադրամին: Դրա դիմերեսին, ըստ ավանդույթի, պատկերված կլինի կառավարող միապետի՝ Եղիսաբեթ Բ-ի դիմանկարը: Դարձերեսին կլինի «Բարեկամություն բոլոր ազգերի հետ» մակագրությունը, որը, հեղինակների մտահղացմամբ, «դրական ազդանշան կտա ամբողջ աշխարհին»:
Հուշադրամը պետք Է շրջանառության մեջ մտնի ուղիղ հինգ ամիս անց՝ 2019 թվականի մարտի 29-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ենթադրյալ օրը: Նախագծի հեղինակները Brexit-ի օրը կդրոշմեն միապետի պատկերով կողմի վրա: