Ղարաբաղյան հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Այս մասին փոխանցում է aysor.am-ը:
«Երեկ համանախագահները Հայաստանում ունեցել են տարբեր հանդիպումներ և մենք շատ ենք գնահատում իրենց ջանքերը։ Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի հենց կողմերի միջև քննարկումներով։ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ միջնորդներ են, բայց ոչ ոք չի կարող պարտադրել որևէ բան կողմերին, քանի որ դա իրենք ինքնուրույն պետք է կարողանան մշակել», - նշել է Սվիտալսկին՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանն այն մասին, որ «ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։
«Մենք լավատեսությունը չենք կորցնում ու հուսով ենք, որ մի օր կհասնենք նման իրավիճակի», - հավելել է Պյոտր Սվիտալսկին։