Սիրիայի էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Հալիլը չի բացառել, որ Սիրիան վերականգնումից հետո կարող է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել: Այդ մասին նա ասել է «Իզվեստիա» գործակալությանը տված հարցազրույցում։
«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ մաքսային համաձայնագրեր կնքել, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր անդամ երկրների համաձայնությունը: Այս իմաստով ազատ առևտրի գոտի ստեղծելն ավելի հեշտ է, բայց դարձյալ համընդհանուր համաձայնության առկայության պարագայում»,- ասել է նա: Հալիլը հավելել է, որ այժմ քննարկվում է առանձին երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ արտոնյալ առևտրային ռեժիմ ստեղծելու հնարավորությունը: «Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, և հնարավոր է՝ մոտ ապագայում բարձրանա ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցը»,- ասել է նա:
Սամեր ալ Հալիլը հավելել է, որ առայժմ դժվար է կոնկրետ ժամկետներ նշել, թե Սիրիայի տնտեսությունը երբ կհասնի մինչպատերազմական զարգացման մակարդակին, սակայն որոշ հաշվարկներով նրա վերականգնումը կտևի «մինչև 10 տարի, ոչ պակաս»: