Brexit-ի հարցով գործարքի կնքման հստակ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին հայտարարել է Լոնդոնը չորեքշաբթի Brexit-ի հարցով նախարար Դոմինիկ Ռաաբի` Լորդերի պալատի՝ Brexit-ի հարցով հանձնաժողովին ուղղված նամակի հրապարակումից հետո, փոխանցում է Euronews-ը: Նամակի համաձայն` Բրյուսելի հետ համաձայնություն կարող է ձեռք բերվել առաջիկա 3 շաբաթների ընթացքում: Ավելի ուշ նա հաստատել է, որ կոնկրետ ժամկետ նշել դեռևս չի կարող:
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը ևս իր վերջերս կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված: “Ինձ միանգամայն հնարավոր է թվում մինչ այդ ժամկետը նշանակալի առաջընթացի հասնելը: Այժմ որոշված չեն 2 լուրջ հարց: Դրանցիչց մեկը վերաբերում է այն բանին, թե որքան հարթ կընթանա մեր առևտուրը Brexit-ից հետո, իսկ մյուսը` Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հետ կապված”, - նշել է Ջերեմի Հանթը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվել են դեռևս անցյալ ամռանը և պետք է ավարտվեն մինչև հաջորդ տարվա մարտի վերջ: Սակայն Բրյուսելի ու Լոնդոնի միջև դեռևս առկա են լուրջ տարաձայնություններ մի շարք հարցերի շուրջ: Ամենաբարդ հարցերից մեկը ԵՄ անդամ Իռլանդիայի Հանրապետության և Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի խնդիրն է: