Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունում 18 տարվա առաջնորդությունից հետո որոշել է ուրիշներին ևս «պատասխանատվություն ստանձնելու» հնարավորություն ընձեռել: Այս մասին նա հայտնել է Կիևում ուկրաինացի ուսանողների հետ կայացած հանդիպմանը, փոխանցում է «Европейская правда»-ն:
«Ես արդեն ավելի քան 18 տարի գլխավորում եմ քրիստոնեա-դեմոկրատներին: Այժմ պետք է ասել՝ թող արդեն մյուսներն ստանձնեն պատասխանատվությունը», - ասել է Մերկելը:
Մերկելը նշել է, որ իր կուսակցությունն երկրում ամենամեծ աջակցությունն ունի, սակայն արդյունքներն այնքան լավը չեն, որքան իրենք կցանկանային:
Աջակցության անկման պատճառների շարքում Մերկելը նշել է նաև իր գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ բլոկում միգրացիոն քաղաքականության շուրջ վերջերս կայացած բանավեճերը:
«Ես արդեն 13 տարի ֆեդերալ կանցլերի պաշտոնում եմ, ուստի ասացի, որ պատրաստ եմ պաշտոնավարել մինչև իմ ժամկետի ավարտը, բայց այնուհետև չեմ առաջադրի իմ թեկնածությունը: Ես այս հայտարարությունն արել եմ, որպեսզի հնարավորություն ընձեռեմ նոր անձանց, ովքեր, հնարավոր է, կարող են նոր մտքեր ունենալ հաջորդ ընտրություններին կուսակցության նախապատրաստման մասին»,- ասել է Մերկելը: