Իրավիճակն Արցախյան հակամարտության գոտում «քիչ թե շատ կայունացել է»: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Այսօր ավարտին է մոտենում մեր այցը, մենք եղել ենք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, հիմա մենք Բաքվում ենք: Մենք հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Մենք շուտով կհանդիպենք Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ: Ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի գործընթացի հետ կապված հարցեր: Մասնավորապես, մենք քննարկել ենք երկու երկրների առաջնորդների՝ Դուշանբեում տեղի ունեցած զրույցը: Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել և որոնք իրականացվում են այժմ: Ես նկատի ունեմ իրավիճակը շփման գծում, սահմանին, որը քիչ թե շատ կայունացել է, խոսել ենք Երևանի և Բաքվի միջև հաստատված կապի գծի մասին»,- ասել է Պոպովը լրագրողներին: