Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ տնից հրաժարման հետ կապված հստակ պատասխան են ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, փոխանցում է Panorama-ն:
«Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ պատճառաբանությամբ, ըստ էության, տուն չի տրամադրվել։ Օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա։ Թերևս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում պետք է որևէ լուծում գտնել այս հարցին»,- նշել է նա։
Է. Աղաջանյանի խոսքով, այս պահին խնդիրն օրենքի դաշտում է։
«Մենք կամ որևէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում և թույլ ենք տալիս, որ օգտագործեն այդ տունը, կամ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա պետությունը համարում է այդ պարտականությունը կատարված»,-ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավարը։