Վերջին ամիսների ընթացքում Թուրքիան արել է ամեն հնարավորը, որպեսզի լույս սփռի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի վրա: Այդ մասին The Washington Post- ի իր հոդվածում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է RT-ն:
Նրա խոսքով` «երկրի գործադրած ջանքերի արդյունքն այն էր, որ ամբողջ աշխարհն իմացավ, որ Խաշոգջին սառնասրտորեն և դիտավորությամբ սպանվել է»:
Էրդողանը նշում է նաև, որ այնուամենայնիվ, կան նաև այլ կարևոր հարցեր, որոնց պատասխանները կօգնեն այս գործի մանրամասները բացահայտելու համար: «Որտե՞ղ է Խաշոգջիի մարմինը: Ո՞վ է տվել նրան սպանելու հրամանը: Ցավոք սրտի, Սաուդյան իշխանությունները հրաժարվում են պատասխանել այդ հարցերին», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով, Թուրքիայում գիտեն, որ սպանությունն իրագործածները գտնվում են այն 18 կասկածյալի շրջանում, որոնք ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում: «Մենք նաև գիտենք, որ այդ անձինք եկել էին հրամանը կատարելու՝ Խաշոգջիին սպանելու և հեռանալու համար: Եվ վերջապես մենք գիտենք, որ Խաշոգջիին սպանելու հրամանը սաուդյան կառավարության ամենաբարձր մակարդակից է տրվել», - գրել է Էրդողանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Սաուդյան Արաբիայի միապետը ոչ մի կապ չունի սպանության հետ: