Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, փոխանցում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը:
«Անձամբ ես ջանք կթափեի այդ գործընթացը դադարեցնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ ԵՄ-ն պետք է հստակ հայտարարի, որ Թուրքիան երբեք միության անդամ չի դառնա», - ասել է Վեբերը՝ նշելով նաև, որ դեմ չէ Թուրքիայի հետ սերտ համագործակցությանն ամենատարբեր ոլորտներում:
Ամիսներ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամիստական քաղաքականություն են որդեգրել և որ նման պայմաններում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելն իմաստ չունի։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ մոտ ապագայում Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալն անհնար է և որ Թուրքիայի իշխանությունները պետք է վերջ տան իրենց ագրեսիվ հռետորաբանությանը՝ եվրոպացի առաջնորդներին անվանելով ֆաշիստ կամ նացիստ: