ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից, ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ և առաջարկությամբ: Այս մասին այսօր, news.am-ի փոխանցմամբ, ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն քննարկվելու է այդ նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովում, արդյոք Հայաստանը ներկայացնելու է թեկնածություն և եթե ներկայացվի այն որքանով է հավանական, որ կհաստատվի:
Ի պատասխան Կարեն Նազարյանը նշել է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ես չէի կանխատեսի նոյեմբերի 8-ի քննարկումները, դրանք փակ են լինելու»:
Հիշեցնենք, որ օրերս Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: