Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երբեք դեմ չեն եղել սխալմամբ օտար հողում հայտնված քաղաքացիների փոխանակմանը և վերադարձին: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի «Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի» հայտարարությունը:
«Ոչ մի նորմալ մարդ չի կարող դեմ լինել գերեվարված քաղաքացիների փոխանակմանը: Եվ մենք երբեք չենք ասել, որ դեմ ենք արտահայտվում նման գործընթացներին: Սակայն պետք է հստակ տարբերակել սխալմամբ օտար հողում հայտնված քաղաքացիներին և ահաբեկիչներին»,- նշել է Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ասկերովին և Գուլիևին վերադարձնելու Ադրբեջանի պահանջը չի կարող տեղավորվել մարդասիրության շրջանակներում:
Այս անձինք ապօրինի ներթափանցել են Արցախի տարածք, լրտեսել են, ահաբեկչական գործողություններ են կատարել, դեռահասի են սպանել: Այդ անձանց դատել են: Դատավարությունը բաց էր, դրան մասնակցում էին միջազգային դիտորդներ, ԶԼՄ-ներ, իրավապաշտպաններ», - հիշեցրել է Բաբայանը:
Նա ընդգծեց, որ Բաքվի նպատակները հստակ են՝ փորձել վերադարձնել Ասկերովին և Գուլիևին և հետո հերոսացնել նրանց, ինչպես դա տեղի ունեցավ Սաֆարովի հետ:
«Դրան ի պատասխան երկուսը կդառնան ռեժիմի ավելի հավատարիմ ծառաներ, որոնք պատրաստ են ցանկացած հրաման կատարել: Հարևան երկրի իշխանություններն այդ կերպ ադրբեջանական եղանակով ստեղծում են յուրատեսակ օպրիչնիկների», -ասել է Բաբայանը: Նրա խոսքով, Բաքուն միաժամանակ ևս մեկ խնդիր է լուծում՝ փորձում է պառակտել հայ հասարակությունը:
«Հավանաբար, գերեվարված հայերի հարազատները և բարեկամները ինչ-որ պահի կարող են ասել՝ թող փոխանակեն, ազատեն մեր հարազատներին: Թեև մի կողմից խոսքը սովորական մարդկանց մասին է, ընդ որում, որոնք խնդիրներ ունեն, և մյուս կողմից՝ ահաբեկիչների», - եզրափակել է Բաբայանը: