Հայաստանը կարիք ունի իրական իշխանության և իրական ընդդիմության: Այս մասին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Խնդիրը Փաշինյանը չի, ես հանրությանն եմ դիմում, որ պիտի լինեն իշխանություն-ընդդիմություն: Հայաստանը կարիք ունի իրական իշխանության և իրական ընդդիմության: Այս 6 ամիսը բավարար է, որ մենք տեսնենք իրական իշխանություն ու իրական ընդդիմություն: Կառավարության ծրագիր ենք ընդունել, վարչապետին քվեարկել ենք, բացի ՀՀԿ մի քանի պատգամավորների, այս դահլիճում դուք այլ ընդդիմադիր ուժ տեսե՞լ եք: Ախպեր ջան, եթե դուք բոլորդ Փաշինյանին գովերգում եք, ուրեմն պիտի գնաք այնտեղ: Չի լինում, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» խաղան, այց «Բարսելոնայի» փոխարեն խաղա «Ռեալի» երկրորդ կազմը, պարզապես «Բարսելոնայի» մայկեքով: Այդպես չի լինում»:
Նշենք, որ ավելի վաղ Շարմազանովը նշել էր, որ ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է, մյուս ուժերը գովերգում ու ծափ են տալիս Փաշինյանին:
«Առավոտ»-ի դիտարկմանը, որ այդ քննադատությանն Էդմոն Մարուքյանն արձագանքել է՝ ասելով՝ «դուք հլը մի հատ մտեք խորհրդարան, նոր կտեսնենք ընդդիմություն եք, թե ինչ եք, բացի այդ, Մարուքյանը պատասխանել է Շարմազանովի ասացվածքով, որ ապակե տնակի մեջ լինելով՝ քարեր չեն նետում» Շարմազանովն արձագանքել է. «Պարոն Մարուքյան ջան, մենք բոլորս ենք այսօր ապակե տնակով՝ քեզնից սկսած, ինձնից, կառավարությունից վերջացրած: Ես, ի տարբերություն ձեզ, նախանձ չեմ, ձեզ հաջողություն եմ մաղթում և դեկտեմբերի 11-ին ձեզ հրավիրում եմ խաշի, պարոն Մարուքյան: Հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ, կամ ում կուսակցությունն ավելի շատ ձայն հավաքի: Չմոռանաս, Էդմոն ջան, դեկտեմբերի 11-ին, տեղն էլ կորոշենք»: Թե ինչո՞ւ խաշի՝ Շարմազանովն ասել է. «Դե ձմեռ է, բա հո հարիսայի չե՞մ հրավիրելու»: Դիտարկմանը, որ ժամանակին ՀՀԿ-ն իր հաղթանակները խորոված-քյաբաբով էր նշում՝ Շարմազանովն արձագանքել է. «Խորոված-քյաբաբի կարիք երբ որ լինի, այն ժամանակ խորոված ու քյաբաբ էլ պատիվ կտանք Էդմոն Մարուքյանին, որովհետև համոզված եմ, հաշիվը ես եմ փակելու»: