ՄԻԵԴ-ն ընդունել է Կառավարության միակողմանի հայտարարությունը և քննվող գործերի ցանկից հանել «Գրիգորյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատը։ Այս մասին ինչպես փոխանցում է News.am-ը` հայտնում են արդարադատության նախարարությունից։
Գործը վերաբերում է 2000-ականներին սկիզբ առած հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման գործընթացի շրջանակում դիմումատուների անշարժ գույքի օտարմանը:
Դիմումատուները պնդել են, որ իրենց պատկանող գույքի օտարումը և դրան հաջորդող գործի դատական քննությունն իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երաշխիքների խախտմամբ: Բացի այդ, հիմք ընդունելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, դիմումատուները պնդել են, որ խախտվել է դատարանի մատչելիության իրենց իրավունքը գույքի օտարման վերաբերյալ Կառավարության համապատասխան որոշումները բողոքարկելու առնչությամբ:
Դիմումատուները պահանջել են 874 974 եվրո որպես նյութական վնասի և 3 301 եվրո կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում: Անհիմն համարելով ներկայացված պահանջը՝ Կառավարությունը միակողմանի հայտարարությամբ առաջարկել է 118 000 եվրո որպես արդարացի փոխհատուցում:
Հիմք ընդունելով Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ ներկայացված Կառավարության միակողմանի հայտարարությունը՝ Եվրոպական դատարանը որոշել է գանգատի այդ մասը հանել քննվող գործերի ցանկից:
Ինչ վերաբերում է մյուս հոդվածների ենթադրյալ խախտումների մասով դիմումատուների ներկայացրած բողոքներին, ապա Եվրոպական դատարանը անհրաժեշտ չի համարել անդրադառնալ դրանց: