ԵԱՏՄ-ն խստացնում է երրորդ երկրներից իր անդամ երկրներ առանց մաքսատուրքի ապրանք տեղափոխելու կանոնները։ Նոր կանոնները հաստատվել են ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովում նոյեմբերի 1-ին։
Նոր փաստաթղթի համաձայն` 2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների անհատ քաղաքացիները երրորդ երկրներից կկարողանան առանց մաքսատուրք վճարելու առավելագույնը մինչև 500 եվրո արժեքով և 25 կգ-ը չգերազանցող ուղեբեռ ներկրել։
Սահմանված քանակը գերազանցող յուրաքանչյուր ապրանքի դիմաց քաղաքացին ստիպված կլինի ապրանքի գնի 30%-ի չափով մաքսատուրք վճարել։
Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` անմաքս ներկրման կանոնների կտրուկ խստացումը Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պայմանավորում է Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներով ու դրանց` այդ երկրի վրա արդեն զգացվող հետևանքներով։ Ընդ որում, նրա խոսքով, այս խստացումներով ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ անդամ այլ երկրների համար կարող են հավելյալ մուտքերի հնարավորություն ստեղծել։
«Ինչպես ասում են, դրանք լավ օրից չէ, որ արվում են»,– ասաց տնտեսագետը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Մարգարյանի դիտարկմամբ, մեր երկրում այս խստացումներից առավելապես կտուժեն ավտոմեքենաներով, գնացքով կամ ծովային ճանապարհով ապրանք ներմուծող և մանր բիզնեսով զբաղվող քաղաքացիները, որոնք գործող արտոնությունից օգտվելով` փոքր քանակով ապրանք են ներմուծում վերավաճառքի նպատակով։
«Հնարավոր է` որոշակիորեն տուժեն հատկապես Թուրքիայից, Իրանից, Չինաստանի և այլ երկրներից ապրանք ներկրողները, բայց չկա չարիք առանց բարիքի։ Շահում է մեծ հաշվով բյուջեն, և այդ ամենը վերադառնում է հանրությանը` հանրային բարիքների տեսքով»,– ասել է Մարգարյանը։
Հիշեցնենք` մինչ օրս երրորդ երկրներից առանց տուրքերի ներմուծման առավելագույն շեմը 1500 եվրո արժեքով ու 50 կգ քաշով ուղեբեռն էր։