Այսօր Փարիզում կմեկնարկի առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսությունների գլխավոր արարողությունը, որը կանցկացվի Հաղթանակի կամարի մոտ: Արարողությանը ներկա գտնվելու համար Ֆրանսիայի մայրաքաղաք են հրավիրվել աննախադեպ քանակի՝ շուրջ 120 համաշխարհային առաջնորդներ և բարձրաստիճան հյուրեր: Նրանց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիիր Պուտինը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, եվրոպական կառույցների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր: Միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փարիզի ժամանակով 11:00 Փարիզի հաղթանակի կամարի մոտ բարձրաստիճան հյուրերը հարգանքի տուրք կմատուցեն առաջին համաշխարհային պատերազմի զոհերին, կայցելեն Անհայտ զինվորի հուշարձանը, այնուհետև նրանց ուղերձ կհղի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքը:
Արարողությունից հետո կմեկնարկի նաև Խաղաղության փարիզյան համաժողովը, որը կանցկացվի նոյեմբերի 11-ից 13-ը: Համաժողովին կմասնակցեն ինչպես Փարիզ ժամանած համաշխարհային ղեկավարները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Համաժողովը կաշխատի միջազգային լարվածության նվազեցմանն ուղղված նորարար առաջարկների ուղղությամբ:
Նախատեսվում է, որ Խաղաղության փարիզյան համաժողովը կդառնա նախագծերի, գաղափարների և նախաձեռնությունների ամենամյա հարթակ, որոնք իրապես կնպաստեն գլոբալ հարցերի շուրջ առավել սերտ միջազգային համագործակցությանը, առավել արդար և հավասար գլոբալիզացիային և ավելի էֆեկտիվ բազմակողմ համակարգին: