ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 11-ին նախատեսված հանդիպումը չի կայանա: Հանդիպումը պետք է անցկացվեր այսօր՝ Փարիզում կայանալիք առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը հետաձգվել է ֆրանսիական կողմի խնդրանքով, քանի որ նրանց հանդիպումն ու բանակցությունները կարող էին շեղել շատերի ուշադրությունը փարիզյան միջոցառումների հիմնական թեմայից:
Նշենք, որ երեկ կայացել է Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի երկկողմ հանդիպումը Ելիսեյան պալատում: Ակնկալվում է նաև Էմմանուել Մակրոնի հանդիպումը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Հիշեցնենք, որ այսօր Փարիզում անցկացվում է առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսությունների գլխավոր արարողությունը, որոնց մասնակցելու նպատակով Փարիզ են ժամանել աննախադեպ թվով համաշխարհային առաջնորդներ, ովքեր մասնակցելու են նաև Խաղաղության փարիզյան ֆորումին:
Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսությունների գլխավոր արարողությունը մասնակցելու նպաատկով Փարիզում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: