Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամերիկյան CNN հեռուստաալիքն տված հարցազրույցում հայտարարել է, որ չի քննարկում դիվանագիտական հարցեր Twitter-ի միջոցով և նախընտրում է ուղիղ խոսել:
«Ես չեմ, որ պետք է մեկնաբանեմ նրա tweet-ը: Ես միշտ նախընտրում եմ ունենալ ուղիղ քննարկում կամ պատասխանել հարցերին, այլ ոչ թե իրականացնել դիվանագիտություն tweet-ների միջոցով:
Կարծում եմ՝ ունեցանք լավ քննարկում այսօր: Ես կիսում եմ նախագահ Թրամփի տեսակետներն այն մասին, որ մենք պետք է ավելի շատ վճարենք ՆԱՏՕ-ի մեր մասնաբաժինը և այդ իսկ պատճառով հավատում եմ, որ եվրոպական անվտանգության մասին իմ առաջարկը լիովին համահունչ է դրա հետ», - ասել է Մակրոնն իր հարցազրույցում:
Բացի այդ, Մակրոնը քննադատել է ԵՄ-ի՝ ԱՄՆ-ից զենք գնելու համար ծախսերի ավելացումը: «Կարծում եմ, որ եթե ավելացնենք մեր ծախսերը, ապա՝ մեր ինքնավարության ամրապնդման համար», - նշել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը «շատ վիրավորական» էր համարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ ավելի վաղ այս շաբաթ արված հայտարարությունն այն մասին, որ Եվրոպային անհրաժեշտ է համաեվրոպական բանակ ստեղծել Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից պաշտպանվելու համար:
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն առաջարկեց, որ Եվրոպան ունենա իր սեփական բանակն ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանվելու համար: Շատ վիրավորական է, սակայն Եվրոպան գուցե սկզբում պետք է վճարի իր արդարացի մասնաբաժինը ՆԱՏՕ-ում, որը սուբսիդավորում է ԱՄՆ-ը», - գրել էր ԱՄՆ նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում: