«Որպես պաշտպանության նախարար՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել»»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե պարբերաբար լուրեր են շրջանառվում Նախիջևանում հակառակորդի կողմից դիրքերն առաջ տալու, ինչպես նաև ավելի շատ նշանառության տակ հայտնվող գյուղերի մասին:
Նրա խոսքով՝ դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է:
«Ընդ որում, Նախիջևանի տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Հաշվի առնելով այդ առաջխաղացումը՝ մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի չեզոքացնենք հնարավոր առավելությունները, որոնք կարող էին առաջանալ այդ տեղաշարժից: Այդ գործողությունները հաջողությամբ արվել են»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը:
Նա նաև նշեց, որ հրամկազմը շփումների մեջ է տեղի բնակչության հետ, աշխատում են, բացատրում են, որ այդ դիրքերի տեղափոխումը իրենք չպետք է սպառնալիք գնահատեն:
«Այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն, մենք նվազեցրել ենք: Այս խնդիրը մի քանի անգամ բարձրացվել է նաև մեր տարբեր գործընկերների առջև»,- հավելեց նա:
Հարցին՝ հայկական կողմն այդ ուղղությամբ ունի՞ դիրքային բարելավումներ, նա դրական պատասխան տվեց. «Այո, և ոչ՝ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ և՛ Հայաստանի Հանրապետությունում, և՛ Ադրբեջանում: Այսինքն՝ կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով:
«Տեղեկություններն, իհարկե, այդ պաշտոնյաները ստանում են և մեր Զինված ուժերից, և Ադրբեջանի Զինված ուժերից: Կապը մինչ այժմ գործում է անխափան, Դուշամբեի պայմանավորվածությունները գործում են»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է օպերատիվ կապի հաստատման գործընթացում անմիջական հրամանատարների ներգրավմանը՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ հարցը իրենք բարձրացնում են. «Դա ռիսկերի նվազեցման, միջադեպերի կանխարգելման համար շատ հզոր միջոց կարող է լինել, բայց այս փուլում մենք սահմանափակ ենք: Եւ Մինսկի համանախագահների առջև բարձրացնում ենք այդ հարցը, որ նպատակահարմար է ունենալ նաև այդպիսի կապ»: