Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկելու Լուկաշենկոյի քայլը կոռեկտ չէ և ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի ներսում խնդիրներ կան։ Այսօր նման դիտարկում է արել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցը Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ։
«Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես հավաքական անվտանգության օրակարգի շուրջ քննարկումների հարթակ, որը վերաբերում է վեց պետությունների։ Բնականաբար, այս զարգացումն ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նմանօրինակ զարգացումների վերաբերյալ բավական քննարկումների անհրաժեշտություն կա։ Սա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»,- ասել է Նաղդալյանը և հավելել, որ դա ի վերջո կոռեկտ չէ։
Անդրադառնալով Լուկաշենկոյի այն դիտարկմանը, թե անցումային փուլում գտնվող Հայաստանի համար կարող է ծանր լինել և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ՀԱՊԿ-ը գլխավորելը՝ Նաղդալյանը նշել է․ «Հայաստանը լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս որպես պետություն ավարտելու գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը։ Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ»։