Մենք որոշել ենք սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի հարկերից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:
«Այսինքն մարդիկ, որոնք իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմաններում, չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն կապված գործունեության հետ: Սրանով մենք կփորձենք խրախուսել տնտեսական գործունեությունը հատկապես մարզերում:
Կա երկու մոտեցում. մենք կարող ենք միկրոբիզնեսով զբաղվող և խնդիրներ ունեցող մարդկանց ասել, որ ընտրություններից առաջ ձեզ կօգնենք, ընտրակաշառք կբաժանենք, փոխարենը ասում ենք՝ բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ աշխատանքով կարողանաք վաստակել ձեր ընտանիքի բարեկեցությունը»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ միկրոբիզնեսում մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը:
Հաջորդ նորարաությունն, ըստ Փաշինյանի այն է, որ մասնավոր տաքսիներին ազատում են արտոնագրային վճարից. «Մենք ասում ենք, որ անհատ տաքսու վարորդները որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն: Այսինքն` մարդիկ կարող են աշխատել առանց լիցենզիայի, առանց վճարի: Փորձագիտական գնահատականներով մոտ 50 հազար մարդ զբաղվում է այս գործով: Ստացվում է, որ Երևանում այդ մարդկանց աշխատավարձն ավելացնում ենք 12 հազար դրամով, իսկ մարզերում՝ 8 հազար դրամով»,-ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: