Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի նշանակման հարցն ու ընդգծել, թե ՀՀ վարչապետը պետք է իր կառավարությունում որոշ հարցեր կարգավորի և պատասխանի, թե արդյոք անցումային փուլում գտնվող Հայաստանն ի վիճակի է գլխավորել և՛ ԵԱՏՄ-ն, և ՀԱՊԿ-ը։
Դա ոչ միայն ցուցադրում է ՀԱՊԿ ներսում առկա խնդիրներն ու հատկապես միմյանց շահերը հաշվի չառնելու հանգամանը, այլև լուրջ հարված է պարունակում Հայաստանի հեղինակության համար։
Վաղուց նորություն չեն անվտանգային միևնույն համակարգում ներառված մեր գործընկերներից մի քանիսի սերտ հարաբերություններն Ադրբեջանի հետ, սակայն նման քայլերը դուրս են բիզնես շահերի տիրույթից և հարված են Հայաստանի հեղինակությանը, իսկ անուղղակիորեն՝ նաև անվտանգությանը։
Փաստացի, Բելառուսի ղեկավարը կառույցի ներքին հարցերը քննարկում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի հետ և կասկածի տակ է դնում Հայաստանի հնարավորությունները։ Կարելի է ասել, որ Բելառուսի նախագահը հասկացնում է Ադրբեջանին, թե իբր Հայաստանը ներքաղաքական զարգացումների ֆոնին թուլացել է և չի կարողանում նույնիսկ ապահովել իր պարտավորությունների կատարումը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։ Ադրբեջանի կողմից սա կարող է ընկալվել որպես ազդակ, որ Հայաստանի կշիռն իր գործընկերների աչքերում զգալիորեն նվազել է, իսկ սա, հարկ չկա մանրամասնելու, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Ուստի, Բելառուսի նախագահի այս քայլերը պետք է ամենաբարձր մակարդակով շատ կոշտ արձագանքի արժանանա։
Առաջին, Հայաստանը պետք է գտնի անհրաժեշտ դիվանագիտական գործիքակազմը՝ թույլ չտալու, որ ներքաղաքական զարգացումները հանգեցնեն միջազգային ասպարեզում իր հեղինակության և դերի նվազմանը և իր հնարավորությունները կասկածի տակ դնելու առիթ չդառնան։
Երկրորդ, հարկավոր է նման նախադեպերը քննարկման առարկա դարձնել ՀԱՊԿ-ի ներսում՝ պարտադրելով անդամ երկրներին ներքին հարցերը երրորդ երկրների հետ քննարկման առարկա չդարձնել։ Սա, ի վերջո, կասկածի տակ է դնում նաև ողջ կառույցի իմաստն ու գործունակ լինելը։
Եվ երրորդ, ինչի մասին անցյալում ևս բազմիցս խոսվել է, պետք է հասնել նրան, որ անվտանգային միևնույն համակարգում գտնվող երկրները հարգեն միմյանց անվտանգային և քաղաքական շահերը և առնվազն չանեն դրանց հարված հասցնող քայլեր։
Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացը զգալի խնդիրներ ստեղծեց Հայաստանի համար, որոնց անհրաժեշտ է դիպուկ և օպերատիվ լուծումներ տալ՝ չստեղծելով նոր սպառնալիքներ։