«Մենք համոզված ենք, որ, այո, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
«ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում երերուն չեն, և որևէ երկրի դերը որևէ կառույցում պետք է համակողմանի նայել, ոչ թե առանձին վերցրած հարցով», - ընդգծեց նա, գրում է Tert.am-ը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ Հայաստանը կարող է վերահաստատել, որ ունի բավարար ռեսուրս՝ ավարտելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը:
Արարատ Միրոզյանն անդրադարձավ նաև ՔՊ տարածքային կառույցներում վերջին օրերի միջադեպերին և դիտարկմանը, թե ՔՊ-ում ռեյտինգային համակարգը «կռիվ է գցել»:
«Կռիվ չի եղել, իմ ականջին հասավ մեկ-երկու միջադեպ մարզերից, որտեղ նախաձեռնողը հավակնություն ունեցող մեկն էր, ով իրականում ՔՊ-կան չէ», - վստահեցրել է նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ վերջին հայտարարություններին, ապա Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ին հորդորեց պաուզա վերցնել քաղաքական գործընթացներից, որովհետև ՀՀ-ում առկա բոլոր խնդիրների արմատները տանում են ՀՀԿ:
«Հիմա այդ մարդիկ եկել են, խոսում են դիկտատուրայից»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդ կա, որ պետք է վերջինը խոսի դիկտատուրայից, ՀՀԿ-ն է:
Արարատ Միրոզյանն ասաց, որ ինքը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից: